
Հունիսի 30-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է վերոնշյալ օրենքը լրացնել նոր մասով, համաձայն որի` օրենքով կարող են սահմանվել իրավասու մարմնի որոշմամբ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման այլ հիմքեր:
Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն կստեղծվի համապատասխան ոլորտները կարգավորող օրենքներով ՊՈԱԿ-ի տնօրենների գործունեության արդյունավետության եւ հաշվետվողականության բարձրացման տեսանելի չափանիշներ սահմանել:
Ըստ գործող օրենքի` հնարավորություն չի տրվում լիազոր մարմիններին, կախված ոլորտի առանձնահատկություններից, սահմանել տնօրենի լիազորությունների դադարեցման այլ հիմքեր: Նշված հանգամանքը նվազեցնում է լիազոր մարմինների դերակատարումը` տնօրենների աշխատանքի արդյունավետությունը չափելու եւ այն բարձրացնելու տեսանկյունից:
Հիմնական զեկուցող Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում լրացում կատարելու հրատապությունը, նշեց, որ դատական վեճեր կան, որոնք առաջացել են օրենքի բաց լինելու պատճառով:
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից զեկուցմամբ ներկայացրեց Հերիքնազ Տիգրանյանը: Նշվեց, որ հանձնաժողովում ներկայացվել են խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել է:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց Կառավարության դրական եզրակացությունը: Նշվեց, որ գործադրի առաջարկի հիման վրա օրինագիծը լրամշակվել է, ուստի Կառավարությունն առարկություն չունի: