Ֆուտբոլի Իտալիայի և Իսպանիայի հավաքականների գլխավոր մարզիչներն ամփոփել են Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպումը: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում իտալացիները հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով և դուրս եկել եզրափակիչ: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:

Ռոբերտո Մանչինի (Իտալիա). «Ուրախ ենք, որ կարողացանք այսպիսի ուրախություն պարգևել իտալացիներին: Ունենք ևս մեկ հանդիպում, և ցանկանում ենք անել հնարավոր ամեն բան: Գիտեինք, որ ստացվելու է շատ ծանր հանդիպում, քանի որ գնդակի վերահսկման առումով Իսպանիան լավագույնն է: Նրանք խնդիրներ առաջացրին մեզ համար: Փորձում էինք գոլ խփել կամ գոլային պահ ստեղծել, երբ ունենում էինք այդպիսի հնարավորություն:

Ստացվեց շատ բաց հանդիպում: Ցանկանում էինք դուրս գալ եզրափակիչ, և ձգտում էինք անել դա մինչև վերջին վայրկյանը: Հետխաղյա 11 մետրանոցները վիճակախաղ է: Իրոք, խոնարհվում եմ Իսպանիայի հավաքականի առջև, դա հրաշալի թիմ է»:

Լուիս Էնրիկե (Իսպանիա). «Եթե ցանկանայի գնահատել իմ խաղացողների խաղը, ապա կասեի, որ նրանք արժանի են գերազանց գնահատականի: Կարծում եմ՝ նրանք հրաշալի էին: Միայն կարող եմ գովեստի խոսքեր ասել նրանց հասցեին: Հիմա պետք է հանգստանանք:

Այս խաղում մեզ չբավականացրեց գոլային պահերի իրացումը, ունենցանք հրաշալի հնարավորություններ: Խաղացողները շատ լավ կատարեցին մեր առաջադրանքները: Պրոֆեսիոնալ սպորտում հարկավոր է սովորել հաղթել ու պարտվել արժանավայել կերպով: Այդ պատճառով ցանկանում եմ շնորհավորել Իտալիային: Իսկ մենք կվերադառնան Իսպանիա՝ գիտակցելով, որ մրցաշարի լավագույն թիմերից էինք: Ցանկանում եմ այսպիսի ուժեղ թիմով մեկնել նաև աշխարհի առաջնությանը, սակայն ով գիտի՝ ինչ կլինի ապագայում»,- փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:

Իտալիայի հավաքականի՝ 2018 թվականից սկսված անպարտելի շարքը հասավ 33 հանդիպման: Այդ ցուցնաիշով ռեկորդակիր են Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները, որոնք չեն պարտվել 35 խաղ անընդմեջ: Բրազիլացիները ռեկորդային շարքը գրանցել են 1993-1996թթ., իսկ իսպանացիները՝ 2007-2009թթ.:

 

Աղբյուր՝ sport.news.am

4394