Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենց հանդիպումների ժամանակ առավել հաճախ անվտանգության մասին են խոսում, քանի որ տարածաշրջանում իրավիճակը կայուն չէ։

Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակն Արցախում կայուն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Սակայն ժամանակ առ ժամանակ ինչ–ինչ անհանգստանալու «առիթներ» են լինում։ Սակայն իրավիճակը կայուն չէ հայ-ադրբեջանկան սահմանին, այստեղ ևս վերջին 2 ամիսներին անհանգիստ է իրավիճակը»,–ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ ընթացիկ տարում սա արդեն իր 3-րդ հանդիպումն է Պուտինի հետ Մոսկվայում, ինչը 2 երկրների ամուր հարաբերությունների մասին է փաստում։

Փաշինյանը հավելեց` իհարկե, հանդիպումների ժամանակ առավել հաճախ անվտանգության մասին են խոսում, քանի որ տարածաշրջանում ոչ ստաբիլ է իրավիճակը։

Փաշինյանը նշեց նաև, որ բոլորը գիտեն Պուտինի գործադրած անձնական, ինչպես նաև ՌԴ ջանքերը 44-օրյա պատերազմից հետո հրադադարի հաստատման գործում։

Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։


Աղբյուր՝ armeniasputnik.am

1772