Այս շաբաթ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է  Հայաստան դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին՝ քննության առնելու հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներն ու հետագա առաջնահերթությունները։  

Դեսպան Թրեյսին ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և հանձնառու է ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված  երկկողմ գործակցությունը։  

Դեսպանը նաև շեշտել է կառուցողական ընդդիմության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հարգանքի կարևորությունը։  

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝  այս օրերին տարածված հաղորդագրություններից  պարզ է դառնում, որ ԱՄՆ դեսպանը  Հայաստանի քաղաքական ուժերի հետ հանդիպելու իմաստով որևէ խտրականություն չի դնում։ Այդ իմաստով նորմալ եմ համարում, որ «Հայաստան» դաշինքի հետ ևս կարող է լինել հանդիպում։ Բայց մենք հաղորդագրության մեջ տեսնում ենք, թե ինչ առաջնահերթություն է առաջ բերվել՝ որպես ԱՄՆ-ի քաղաքականություն Հայաստանում ու այդ մասին ասվում է բաց տեքստով։ Հիմա, թե  «Հայաստան» դաշինքում դրա հետ որքանով են հաշտ ու համամիտ՝ ինքը «Հայաստան» դաշինքը պետք է պատասխանի այդ հարցին։ Գուցե ուշադիր չեմ եղել, բայց իրենց կողմից արձագանքների ծանոթ չեմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։


Մեր այն դիտարկմանը, թե այն պայմաններում, երբ գերտերություններն ընդունում են Հայաստանում անցկացված ընտրությունների արդյունքները, ինչպե՞ս կարող է դիրքավորվել ընդդիմությունը, Մեհրաբյանը պատասխանեց․«Ընդդիմություն կոչվածն էլ ազատ է դիրքավորվել այնպես, ինչպես հարմար է  գտնում։ Պարզապես դատելով  դրան նախորդած իրենց հայտարարություններից, ես տեսնում եմ, որ իրենք միանգամայն այլ քաղաքական գիծ են որդեգրել։

Սա այն դեպքն է, երբ ես ուրախ կլինեմ, որ սխալվեմ»։   Մեհրաբյանի խոսքերով՝ Ռուսաստանն այս պրոցեսներում ուղղակի ազդեցություն չունի․«Իսկ անուղղակին այն մասով, որ չի երևում՝ կարող ենք ենթադրել։ Տեսնում ենք, որ այն քաղաքական սուբյեկտները, որ մինչ ընտրությունները և ընտրություններից հետո էլ շարունակում են խոսել էլ ավելի սերտ համագործակցության մասին, նրանք դա օդի մեջ չեն ասում, այլ նման հայտարարությունների պատվիրատուները գտնվում են Հայաստանից դուրս»։  

Հանձինս այդ սուբյեկտների, քաղաքագետի դիտարկմամբ, մենք ունենք սուբյեկտներ, որոնք ընդհանրապես չեն եղել մինչ այժմ ինքնուրույն գործել․«Նրանք պրոքսիներ են ու նրանց քաղաքական պրակտիկան հենց դրանում էլ կայանում է, որ կատարեն ինչ-ինչ պատվերներ, քաղաքական տեքստեր բարձրաձայնեն»։
 

4156