ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արագիլների աղտոտման խնդիրը գտնվում է իր ղեկավարած կառույցի ուշադրության կենտրոնում։

Նա նշել է` հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում արագիլների` անհայտ նյութով աղտոտման դեպքերը և այն, որ ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների համաձայն, աղտոտման հավանական աղբյուր են հանդիսանում Մասիս քաղաքի աղբավայրում առկա ձկնաբուծարանների թափոնները (ձկան փորոտիքը), շրջակա միջավայրի նախարարությունը գրությամբ դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Գերատեսչությունը խնդրել է հետևողական լինել Մասիսի քաղաքային աղբավայրերում թափոնների սանիտարահիգիենիկ վիճակի և մասնավոր ձկնաբուծարանների կողմից աղբի թափոնների նորմերի պահպանման, ինչպես նաև այդ տարածքներում դրենաժային համակարգերի մաքրման, դրանցում կուտակվող նյութի հեռացման աշխատանքների իրականացման նկատմամբ։

Նախարարությունը գրություններ է ուղարկել նաև Արմավիրի և Արարատի մարզպետարաններ, հորդորելով՝ հետևողական լինել Արմավիրի և Արարատի մարզերում համայնքային աղբավայրերի տարածքներից դուրս նոր աղբի կուտակումների, ձկնաբուծարանների թափոնների հայտնաբերման ուղղությամբ և արձանագրված դեպքերի մասին տեղյակ պահել շրջակա միջավայրի նախարարությանն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

788