
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանն ասաց, որ անհրաժեշտությունն առաջացել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման պահանջներից:
Վերաբաշխման նպատակը կորոնավիրուսի տարածման հետևանքով բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողներին աջակցելն է, նրանց աշխատատեղերը պահելն է:
Գործադիր մարմնում նախատեսվում է մոտավորապես 61 դրամաշնորհի տրամադրում 888 մլն դրամի չափով:
«Առաջին 2 դրամաշնորհների համար ստացել ենք աննախադեպ քանակի հայտեր՝ 290-ից ավելի հայտ, որոնք արդեն ամփոփման փուլում են»,- մանրամասնեց պարոն Մելիքյանը:
Նիստը վարող Տիգրան Ավինյանը հաջողության մաղթեց դրամաշնորհերի հաղթողներին, հուսաց` դրամաշնորհներ ստացողները կզարմացնեն հանրությանը: