Ռուսական կողմը ողջունում է երկխոսության հաստատման հարցում Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու Եվրամիության ցանկությունը։Այդ թեմայով հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե միջնորդական ջանքերը խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են իրականացնել գոյություն ունեցող պայմանավորվածությունները, ապա դրանք կարելի է միայն ողջունել», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ Պեսկովը նշել է, որ գործընթացը վատ չի ընթանում, բայց Մոսկվան դեմ չէ միջնորդական լրացուցիչ ջանքերին։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է և՛ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Դուք գիտեք, որ եռակողմ պայմանավորվածությունները կնքվել են նախագահ Պուտինի բավական եռանդուն մասնակցությամբ, և դրանք իրականացվում են նախագահ Պուտինի բավական եռանդուն մասնակցությամբ», - ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ այժմ կողմերը զբաղվում են հենց ձեռք բերված պայմանավորվածությունների հարցերով։

336