Համայնքային այցերի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եղել է Արամուս և Մայակովսկի համայնքներում: Արամուսում շուտով շահագործման կհանձնվի կառավարության 2019 և 2020 թթ. սուբվենցիոն ծրագրերով հիմքից կառուցված նոր մանկապարտեզի շենքը:
Մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Տարոն Գևորգյանի, Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանի ուղեկցությամբ Ահարոն Սահակյանը շրջել է մոտ 1750 քմ ընդհանուր մակերես ընդգրկող մանկապարտեզի շինհրապարկում, ծանոթացել աշխատանքներին:
Շուրջ 40 տարի նախակրթական հաստատություն չունեցած համայնքում պետության աջակցությամբ հիմքից կառուցվում է նորագույն լուծումներով, ժամանակակից, լուսավոր և բարեկարգ բակով մանկապարտեզի նոր շենք (6 խմբով)՝ նախատեսված շուրջ 150 երեխայի համար:
Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50 %-50 % համաֆինանսավորմամբ: Արամուսից մարզպետն ուղևորվել է Մայակովսկի համայնք, որը ևս շահագործման կհանձնի համայնքային մանկապարտեզի շենքը: Համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանի հետ մարզպետը շրջել է արդեն հիմնանորոգված մանկապարտեզի տարածքով:
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվել են 2-րդ մասնաշենքի, ճաշարանի և խոհանոցային հատվածների հիմնանորոգման աշխատանքներ: Այս տարվա սուբվենցիոն ծրագրով համայնքը ձեռք կբերի գույքը, որից հետո այն շահագործման կհանձնվի։ Մանկապարտեզը գործելու է երեք խմբով՝ նախատեսված ավելի քան 90 փոքրիկի համար։
Մայակովսիկում այս պահին 2021 թվականի մեկ այլ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: