«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, կարծում եմ՝ պետք է հայացք նետենք ներկա իրողություններին։ Ներկա իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ապահովում է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Եթե ռուսական ուժերը չլինեին, Ղարաբաղում այլևս հայ չէր լինի»,- այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում մեծ դժոգոհություն կա Ռուսաստանից։ Շատերը այստեղ՝ քաղաքական գործիչներ, փորձագետներ, պարզ քաղաքացիներ, համարում են, որ Ռուսաստանը ոչինչ չարեց 44-օրյա պատերազմի ժամանակ՝ օգնելու Հայաստանին, թեև պարտավոր է ըստ դաշնակցային պայմանագրերի, և դա էր հիմնական պատճառը, որ հայկական զինված ուժերը պարտվեցին 44-օրյա պատերազմում։ Վստահ են, որ Ադրբեջանը չէր համարձակվի գնդակոծել Հայաստանի տարածքը, հարձակվել Հայաստանի վրա, եթե չլիներ Ռուսաստանի աջակցությունը։ 

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հանգեցրեց մի հրադադարի, որը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Միևնույն ժամանակ, ութ ամիս անց մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր հարցերը։ Դրա որոշ դրույթներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատման դրույթը, լիովին չեն հարգվում։ Եվ ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Այսպիսով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փուլ էր, բայց հիմա պետք է ամրապնդել խաղաղությունը, հրադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսել քաղաքական գործընթաց»,- ասել է Լաքոտը՝ նշելով. «Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, ինչը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում»։

Հիշեցնենք ` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հարցազրույցում նշել է, որ Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը:

1733