«Գուցե իր չիմացության զոհն է դարձել, գնել է տեխնիկական սպիրտ»,- Araratnews.am-ին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ  Վահե Դանիելյանը Աշոտ Հովսեփյանի մասին, ում  պատրաստած օղին դարձել էր բազմաթիվ մարդկանց թունավորման, նաեւ մահվան պատճառ: 

Պարո՛ն Դանիելյան, երեկվանից քննադատում են պատկան կառույցներին, որ խմիչքի արտադրությունը չի վերահսկվում: Համաձա՞յն եք քննադատությանը, թե՞ կարծում եք օրենսդրական բաց կա: 

Սպիրտային խմիչքների արտադրությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, այսինքն այս ոլորտում աշխատողները պետք է լիցենզիա ունենան, նաև մրգային օղի արտադրողները:  Ինչ վերաբերում է վերահսկողությանը, մենք վերահսկում ենք իրավաբանական անձանց գործունեությունը իրացման ցանցում եւ հանրային սննդի օբյեկտներում: Հիմա` տնական օղիների իրացման մասին. եթե դա արվում է փողոցային առեւտրի միջոցով, ապա այն հսկում են տեղական ինքնակառավարման մարմինները ոստիկանության  հետ համատեղ` կանխելու դրա ապօրինի իրացումը: Ցավալի է, որ հասարակությունից ապօրինի իրացման տեղեկություն չենք ստանում, քանի որ նույն տնտեսվարողի մոտից ձեռք են բերել եւ օգտագործել ապօրինի պայմաններում ոգելից խմիչք:

Տնական օղի արտադրողից ապրանք գնած քաղաքացիները հավաստիացնում էին` միշտ գնել են, եւ երբեք խնդիր չի եղել: Եթե տնտեսվարողն իրոք միշտ մատակարարել է արտադրանք, որը խնդիր չի առաջացրել, ինչու այս անգամ այսպես եղավ: 

Սննդամթերքի արտադրության փուլում, եթե մենք բարեխիղճ արտադրության մասին ենք խոսում, հետագծելիություն պիտի ապահովվի, որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերով պիտի ուղեկցվի: Արտադրողը պետք է վստահ լինի` իր հումքը մարդկանց առողջությանը չի կարող սպառնալ: Հիմա ինչ սպիրտ է ձեռք բերել (նկատի ունի տնական օղի պատրաստած Աշոտ Հովսեփյանին-հեղ.), ինչ է պատրաստել, նախաքննություն իրականացնող մարմինը կհայտարարի: 

Այսինքն` տնական օղի պատրաստողը գնել է խոտանված հումք` մեթիլ սպիրտ, դարձել իր չիմացության զո՞հ: 

Չեմ կարող բացառել: Գուցե իր գնած սպիրտը եղել է տեխնիկական սպիրտ, եւ նախատեսված չի եղել ալկոհոլային խմիչքների արտադրության համար: Մենք պետք է զերծ մնանք նման արտադրանք գնելուց: Ոչ ոք չի կարող ասել`  այդ տեխնոլոգիաները (նկատի ունի օղի թորելու- հեղ.) այնքան լավ է պատկերացնում: Դրանք տեխնոլոգիաներ են, արտադրության ոչ ճիշտ կազմակերպումը կարող է հանգեցնել խոտանված արտադրանքի: 

Բացի վերահսկելուց` ինչպես կարելի է երեւույթի դեմ պայքարել:

Հանրային իրազեկում, սպառողների վարքագծի փոփոխություն: Միգուցե նաև  զբաղվածության խնդիրը կա: Չնայած սովետական միության տարիներին զբաղվածության մակարդակը բարձր էր, բայց  մարդիկ նման  գործունեությամբ զբաղվել են: Այստեղ վերահսկողություն է պետք: Ամենավատն այն է, որ կա պահանջարկ` արտադրանքն իրացնում  են:

Զարգացած երկրներում պատժվում են  այն սպառողները, որոնք գնում են երաշխիք չունեցող, ապօրինի ծագում ունեցող արտադրանք: Հասունացե՞լ է այդպիսի օրենք ընդունելու անհրաժեշտությունը: 

Ինձ թվում է` վատ չէր լինի, որ սպառողները գիտակցեին` ինչի հետ գործ ունեն: 

Այս դեպքից հետո  ուսումնասիրություն սկսե՞լ եք` պարզելու, թե տնական օղիները ինչ պայմաններում են պատրաստվում եւ իրացվում: 

Իրացման ցանցերում  եւ հանրային սննդի ցանցերում խիստ վերահսկողություն ենք  սկսել: Հաջորդ շաբաթ կամփոփենք արդյունքները: 

Հիշեցնենք` 2020թ. օգոստոսի 31-ին  «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի Լերմոնտով, Շիրազի  և Բաղրամյան  փողոցների 5 բնակիչ: 

Հ.Գ. Հարցազրույցը գրելիս ՍԱՏՄ-ը հաղորդագրություն հրապարակեց` տնական օղում մեջ փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում եղել է մեթիլ սպիրտ: 

Սոնա Դավթյան

 

 

640