Համաձայնեք` տարօրինակ է, երբ տասը տարի երկիր ղեկավարած, ազգային արժեքներից, ինքնիշխանությունից խոսող պաշտոնյան  վարկաբեկում է իր երկիրը, փափուկ ուժի կիրառում աղերսում այլ երկրից, առաջնորդվում փոքր ազգի բարդույթով: Եւ այդ մեկ չինովնիկը Ռոբերտ Քոչարյանն է: 

Ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում, ինչպես եւ սպասելի էր, պիտի լսեինք երկրի  օրինական իշխանության վարկաբերկման հերթական խոսքերը:

Հասկանալով, որ վաղ թե ուշ պատասխան է տալու իր հանցագործությունների համար` Քոչարյան Ռոբերտը հենարաններ է փնտրում արդեն արտաքին աշխարհում, երբ օր ու գիշեր նա, նրա սազանդարները երկրի լեգիտիմ իշխանությանը մեղադրում են  դրսից հովանավորներ ունենալու համար: 

Մյուս սուտը, որը հնչեցնում է Քոչարյանը,  իր ու հաջորդների տարիներին Հայաստան-Եվրոպա հարաբերություններն են, եվրոպական արժեքների պահպանումը: Որպես օրինակ` առանց ամոթի երկրի  նախկին ղեկավարը հպարտորեն ասում է` լրագրողներին Հայաստանում չէին ծեծում: Սակայն իր տարիներին փակել են  ընդդիմադիր  լրատվամիջոց, 2008 թ-ի մարտի մեկի դեպքերի ժամանակ մի քանի օր թերթ չէր տպվում, ամեն ընտրական գործընթացում քրեաօլիգարխիկ կլանը հարձակվում էր ընդդիմադիր լրագրողների վրա:

Ու այսքանից հետո  խոսքի ազատության, իր իշխանության տարիներին Հայաստանում  եվրոպական արժեքի դրսեւորման մասին  խոսելը ուղղակի ծաղր է:  Սերժ Սարգսյանի տարիներին, իհարկե,  մամուլի ճնշելու մեթոդները կատարելագործվեցին, այլ կերպ ասած` ստեղծվեց ժողովրդավարության իմիտիցա: Դեմոկրատիայի շղարշից այս կողմ ամեն ինչ «եվրոպական» է, հիանալի, իսկ շղարշի տակից` «զանգով» կառավարվող Հայաստան:

2018 թ-ի թավշյա հեղափոխությունը վերջ տվեց իմիտիացիային, քաղաքական գործընթացների դասավորությունը փոխեց անգամ աշխարհաքաղաքական հարաբերությունները, նախկին ռեժիմի խաղաքարտերն խառնեց այն աստիճանի, որ անգամ ՀՀԿ-ական թիմում սկսվեցին խմորումներ: Դրա դրսեւորումը Քոչարյանի մեղադրանքն էր ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի հասցեին:

«Ո՞րն էր թավշյա հեղափոխության պատճառը» հաղորդավարի հարցին Քոչարյանն ասում է` մարդիկ հոգնել էին ՀՀԿ-ից: Իսկ Սերժ Սարգսյանին մեղադրում է 2015 թ-ի Սահմանադրությունը փոխելու, խորհրդարանական համակարգ ընդունելու եւ 2018 թվականին իշխանությունը Փաշինյանին «հանձնելու» համար: 

Հաղորդավարի մյուս հարցը, թե «ասե՞լ եք Սերժ Սարգսյանին այդ մասին», Քոչարյանի պատասխանը կարծես հաստատում է  կուլիսներում պտտվող Քոչարյան-Սարգսյան տարաձայնությունները: «Մենք քիչ էինք շփվում, բայց ես հրապարակային արտահայտվել եմ»,- պատասխանում է Քոչարյանը:

Սերժ Սարգսյանի երկրորդ վերընտրությունից հետո լուրեր էին շրջանառվում, որ  ՀՀԿ-ն, ի դեմս Սարգսյանի, աստիճանաբար ազատվում է Քոչարյանի ազդեցությունից, ազատվում նրա կադրերից:

Պատահական չէին  նաև Սարգսյանի կառավարման շրջանում Քոչարյանի` երկրի տնտեսական վիճակի 1-2 քննադատությունը, իր սազանդարների միջոցով Սարգսյանին անարգանքի սյունին գամելը, նրա հեռացման պահանջը գիշերուզօր թմբկահարելը: Այնպես որ, ասել, իբր Քոչարյանը քաղաքականությունից ընդմիշտ հեռացել է, ինչպես ինքն էր հավաստիացնում, ըստ էության, ճիշտ չէ:

Քոչարյանի մյուս սուտը իրեն սատարող ինտելեկտուալների մասին է: Իր խոսքով` մտածողների մեծ բանակ իրեն է սատարում: Մինչդեռ նրան սատարում են մարդիկ, որոնց մեծ մասը վերջինիս  կառավարման տարիներին մոտ են եղել  իշխանական կերակրատաշտին կամ ինչ-ինչ խնդիրներ են ունեցել 1990-ականների իշխանության հետ: Ինտելեկտուալների մի մասն այսօր սատարում է լեգիտիմ իշխանությանը եւ պնդում` անցյալին վերադարձ չի լինելու: 

Հաջորդ ապատեղեկատվությունը վերաբերում է «Բաց հասարակություն» հիմնադրամի գործունեությանը: Ակամայից հայտնի հեքիաթն ես հիշում` «ով էնպիսի սուտ ասի, որ ասեմ սուտ ա, թագավորությանս կեսը նրան կտամ»: Այսպես կարելի է բնութագրել նախկին պաշտոնյայի պատասխանը: 

Araratnews.am-ն իր  տեսանյութերից մեկում անդրադարձել է նախկին իշխանավորների եւ Արևմուտքի համագործակցությանը, «Բաց հասարակություն»  հիմնադրամի աշխատանքին: Այն Հայաստանում աշխատում է 1997 թ-ից, սակայն արի ու տես` Քոչարյանը տեղյակ չի եղել  հիմնադրամի գործունեությունից:

Դե ազգային արժեքների պահպանման տվայտանքները, ապագայում «Ով ենք մենք» հարցին պատասխանել չկարողանալու Քոչարյանի լացուկոծն ուղղակի աբսուրդ են: Կարևորելով հայապահպանությունն ու ազգային արժեքները`  կառավարությունը սկսել է կրթական բարեփոխումները` դպրոցական ծրագրում ներառել է «Ես եւ իմ հայրենիքը»  առարկան, որի շնորհիվ դպրոցականները  տեսնելու են հայրենիքը առարկայորեն, կրթական համակարգն ապաքաղաքականացվել է, ուսուցիչներին ազատել «ձայն բերողի» նվաստացուցիչ դերից: 

Եւս մեկ դիտարկում: Ապարդյուն են Քոչարյանի փորձերը սեպ խրելու հայ-ռուսական հարաբերություններում: Այդ հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում դինամիկ զարգանում են, երկխոսությունը տարբեր հարցերի մասին բնականոն շարունակվում:

 

 

04 Սեպտեմբեր, 2020 16:22
887
; ;