ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայներ, որ ընդդիմության ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանն ընտրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Մենք կարծում ենք, որ երկրի զարգացման բնականոն ընթացքը խոչընդոտել չի կարելի է: Եվ այս պահին մենք ունենք պատրաստակամություն՝ ԱԺ մարմինների ճիշտ ձևավորման և  ունենք պատրաստակամություն՝ կառուցողական աշխատանքի: Կարծում ենք, որ ցանկացած հայ՝ ցանկացած քաղաքական հայացք ունենալով հանդերձ, նախ և առաջ մտածում է  երկրի մասին: Մենք մեր երկրում թշնամիներ, հակառակորդներ չունենք, ունենք քաղաքական մրցակիցներ, իսկ թշնամին սահմանին է և սահմանից անդին»,- ասաց Բաղդասարյանը:

Նա շեշտեց՝ սահմանին կանգնած զինվորն այսօր պետք է հաստատակամ լինի, որ իր թիկունքն ամուր է, և այդ ամրությունը պետք է զգացվի քաղաքական թիվ մեկ ամբիոնից: «Հայաստանի պետականության, սահմանների անառիկության հարցում մենք այլախոհություն չենք կարող ունենալ: Եվ այո, հենց այստեղ՝ քաղաքական թիվ մեկ ամբիոնում պետք է լինենք համախոհ, միախոհ, եթե մեզ համար գերադասելի է պետական շահը»,- ասաց նա:

Բաղդասարյանը ցավալի համարեց, երբ մարդիկ շահարկում են պատերազմը: Նա շեշտեց՝ որևէ մեկն անմասն չի մնացել պատերազմից:

«Կառավարող խմբակցությունը հակված չէ երկիրը տանել կոլապսի կամ սահմանադրական ճգնաժամ առաջացնել: Մեզ համար առավել գերադասելի չէ Իշխան Սաղաթելյանը, ընդդիմադիր որևէ գործիչ, մեզ համար առավել գերադասելի է ՀՀ շահը»,- ասաց նա ու հավելեց՝ խմբակցության դիրքորոշման մասին կհայտնի թեկնածուի՝ Սաղաթելյանի եզրափակիչ ելույթից հետո:

ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու Իշխան Սաղաթելյանի եզրափակիչ ելույթից հետո նա ասաց. «Չցանկանալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորման բնականոն ընթացը և ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի Իշխան Սաղաթելյանն ընտրվի»:

 

1179