Կլիմայի ոլորտի մասնագետները նախազգուշացրել են, որ մարդու գործունեությունը փոխում է Երկիր մոլորակը հարյուր հազարավոր տարիների ընթացքում աննախադեպ ձևով, և այդ փոփոխություններից մի քանիսն այժմ արդեն անխուսափելի են և անշրջելի: The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Կլիմայի փոփոխությունների հարցով ՄԱԿ-ի փորձագետների միջկառավարական խումբը (IPCC) հրապարակել է զեկույց, որը նախապատրաստվում էր 8 տարի: Աշխատանքին մասնակցել են հարյուրավոր փորձեգետներ:

Ըստ զեկույցի՝ կլիմայի արագ փոփոխությունների, այդ թվում՝ ծովի մակարդակի բարձրացման, բևեռային սառցադաշտերի հալման, տապի ալիքների, հեղեղների և երաշտների պատճառը, «միանշանակ», մարդու գործունեությունն է:

Առաջիկա 2 տասնամյակի ընթացքում ջերմաստիճանն, ամենայն հավանականությամբ, կբարձրանա մինչարդյունաբերական մակարդակից 1.5C-ով ավելի, ինչը նախատեսված էր թույլ չտալ Կլիմայի վերաբերյալ 2015 թ.-ի Փարիզի համաձայնագրով:

1850-1990 թվականների համեմատությամբ՝ մոլորակի ջերմաստիճանն արդեն բարձրացել է մոտ 1.1C-ով, սակայն դեռ հնարավոր է կայունացնել այն և թույլ չտալ ջերմաստիճանի բարձրացում 1.5C-ից ավելի: Ըստ զեկույցի՝ ջերմաստիճանի այդքան բարձրացման դեպքում էլ մոլորակին սպառնում են ավելի շատ տապի ալիքներ, ավելի սաստիկ փոթորիկներ, ավելի լուրջ երաշտներ և հեղեղներ, սակայն այդ դեպքում վտանգն ավելի փոքր է, քան 2C-ով բարձրանալու դեպքում:

Համաշխարհային ղեկավարները նշել են, որ այս նախազգուշացումները պետք է ստիպեն շուտափույթ կերպով նոր քաղաքականություն մշակել, որպեսզի համաշխարհային տնտեսությունն անցնի ածխաթթու գազի արտանետումների մակարդակի կրճատման: 197 երկրների կառավարություններ նոյեմբերին կհանդիպեն Գլազգոյում, որպեսզի մասնակցեն Cop26 անվանումը կրող ՄԱԿ-ի բանակցություններին: Պետությունները պետք է բանակցություներին ներկայանան ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ նոր ծրագրերով:

682