Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է Կառավարության շենքի դիմաց Խծաբերդում գերեվարված շիրակցի զինվորների հարազատների նստացույցին և պատասխանել հարցին՝ արդյոք վարչապետը պատրաստվո՞ւմ է ընդունել նրանց: Մանե Գևորգյանը նշում է՝ գերեվարվածների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ունեն, և դրա համար առկա է կոնկրետ մեխանիզմ:

Ներկայացնում ենք թեմայի վերաբերյալ «Արմենպրեսի» հարցն ու վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի պատասխանը:

Հարց - Խծաբերդում գերեվարված շիրակցի զինվորների հարազատները Կառավարության դիմաց նստացույց են հայտարարել և հանդիպում են պահանջում վարչապետից: Արդյոք վարչապետը պատրաստվո՞ւմ է ընդունել նրանց:

Պատասխան - Վարչապետը Խծաբերդում գերեվարված զինվորների հարազատների հետ վերջին 9 ամիսներին հանդիպել է 9 անգամ, այդ թվում՝ երկու անգամ Շիրակի մարզում: Նման վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 23-ին: Վարչապետը գերեվարվածների հարազատների հետ վերջին 9 ամսում տասնյակ հանդիպումներ է ունեցել: Ընդ որում, եղել են հանդիպումներ, որոնք տեղի են ունեցել առանց ժամային սահմանափակումների:

Վարչապետը բոլոր այդ հանդիպումներում գերեվարված զինվորների հարազատներին ներկայացրել է առկա ողջ տեղեկատվությունը և ասել, որ մշտապես պատրաստ է նրանց հետ կիսել տեղեկատվությունը, այդ թվում՝ հանդիպումների միջոցով:

Գերեվարվածների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ունեն, և դրա համար առկա է կոնկրետ մեխանիզմ: Այս պայմաններում նստացույցի միջոցով վարչապետից հանդիպում պահանջելու գործելակերպը տարակուսանքի տեղիք է տալիս, որքան էլ մեր գերեվարված զինվորների հարազատների վիճակը հասկանալի է:

Հարկ է նշել, որ Խծաբերդում գերեվարվածների հարազատները բազմիցս հանդիպումներ են ունեցել նաև ԱԱԾ տնօրենի, Շիրակի մարզպետի հետ:

Վերջին 9 ամիսներին Խծաբերդում գերեվարված 24 զինվորներ վերադարձվել են հայրենիք: Նոյեմբերի 9-ից հետո Հայաստան է վերադարձվել 104 գերեվարված անձ: Հայաստանի Հանրապետության Կառավարությունը դատապարտում է հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտելու Ադրբեջանի գործելակերպը և շարունակում է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի ուղղությամբ ջանքեր գործադրել:

1099