Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 16-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրներին: Ջրամատակարարման համակարգում խափանումների պատճառների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան կառույցների ղեկավարներն ու փորձագետները։ Մասնավորապես նշվել է, որ իրավիճակը պայմանավորված է նախորդ տարիների համեմատ տեղումների քանակի, հետևաբար և ջրային ռեսուրսների նվազմամբ, ինչպես նաև 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության կտրուկ աճով։ Նախագահը շեշտել է, որ հանրապետությունն այս օրերին պայքարում է բնական աղետի դեմ, և ստեղծված իրավիճակում ջրամատակարարման հարցի շուրջ բոլոր քաղաքական շահարկումներն անհիմն են ու անընդունելի: 

Որպես ժամանակավոր լուծում՝ երկրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա օրերին ավելացնել տեղադրվող ջրի բաքերի քանակը և խմելու ջրի մատակարարման ծավալներն ու հաճախականությունը, ինչպես նաև օգտագործել նախկինում շահագործված արտեզյան ջրհորների վերագործարկման և նոր ջրհորների կառուցման բոլոր հնարավորությունները։ 

192