SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Խաչատրյանը։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 14-ին Մյասնիկյան պողոտայում խոշոր ավտովթար-վրաերթի հետևանքով ենթարկվելուց հետո։ 

Օգոստոսի 10-ին ավտովթար-մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում թիվ 59 հասցեի դիմաց բախվել էին Երևանի բնակիչներ 30-ամյա Շահեն Մանուկյանի վարած Nissan մակնիշի և 31-ամյա Արտյոմ Լևոնյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Վթարից հետո մեկ այլ Mercedes մակնիշի 98 VA 999 համարանիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել վարորդ Ա․ Լևոնյանին, Երևանի բնակիչ 39-ամյա Կարեն Խաչատրյանին և Գեղարքունիքի մարզում հաշվառված, Երևանում բնակվող 26-ամյա Հրայր Հակոբյանին։ Ավտովթարի հետևանքով վարորդներից Շ․ Մանուկյանը, վերջինիս ուղևոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանում բնակվող 37-ամյա Հովհաննես Ասրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ Ա․ Լևոնյանը և Կ․ Խաչատրյանը՝ Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  

Ճանապարհին Ա․ Լևոնյանը, գիտակցության չգալով, մահացել էր։ Իսկ Հ․ Հակոբյանը նույն հիվանդանոցային համալիր բուժօգնության էր դիմել  ժամը 08։15-ին։ Ժամը 06։50-ին էլ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել վարորդներից Մովսես Հախինյանը։  

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։ Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։  

Վթար-վրաերթի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էին բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը։  

3543