Հանուն Հանրապետության կուսակցությունը հանդես է եկել ուղերձով Հայաստանի Անկախության Հռչակագրի 31-ամյակի կապակցությամբ

Այս օրը՝ 31 տարի առաջ, դեռ գոյություն ունեցող ամբողջատիրական Սովետական կայսրության պայմաններում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, կատարեց պատմական քայլ՝ ընդունելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որով հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

Մեր պետականության հիմքում այդ հռչակագրով դրվեցին Ազատ եւ Անկախ Հայաստանի պատասխանատվությունը Հայ Ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթների զարգացումը, ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը որպես համազգային խնդիր։

Պայքարի բովում հետագա տարիներին արձանագրված փայլուն ռազմական հաջողությունները, որոնք հնարավոր դարձան՝ հարյուր հազարավոր մեր քաղաքացիների աներեր կամքի շնորհիվ, նրանց կրած անասելի զրկանքների գնով, ինչպես նաեւ՝ շնորհիվ քաղաքակիրթ աշխարհի կողմից Հայաստանի միջազգային ընկալման որպես ժողովրդավարության եւ ազատության կղզյակի, որը վերահաստատում է իր ապրելու իրավունքը, մյուս կողմից, դառը ձախողումները եւ հետագայում արձանագրված էական նահանջը ժողովրդավարությունից եւ ինքնիշխանությունից, ազատ ընտրությունների եւ կամարտահայտության աստիճանական եւ ցավալի ձեւախեղումները բերում են այն համոզման, որ այս պատմական փաստաթղթով ամրագրված արժեքների, նպատակների եւ պատկերացումների վերահաստատման գործընթացը շարունակվում է․ դա ոչ թե մեր անցյալն է, այլ մեր ներկայի եւ տեսանելի ապագայի առաքելությունն է։

2018թ․-ի Թավշյա հեղափոխությունը պատմական հնարավորություն է ստեղծել այդ առաքելությունն իր նպատակին հասցնելու համար, վերանվաճելու մեր պետականության վաստակած տեղը քաղաքակիրթ աշխարհում եւ վստահությունը մեր Ազատ, Անկախ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ պետության հավիտենականության մեջ։ Սակայն օրվա մարտահրավերները, բազմաթիվ ընթացիկ բացթողումները, բազում ճգնաժամերն աշխարհում շարունակում են պահանջել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուց առավելագույն ջանք, պարտաճանաչություն, պատասխանատվություն մեր զավակների եւ ապագա սերունդների առաջ, աշխատասիրություն եւ սառնասրտություն՝ մեր ազգային երազանքն իրականություն դարձնելու, այս պատմական հնարավորությունը պատշաճորեն նյութականացնելու համար։

Շնորհավո՜ր Օգոստոսի 23 եւ ի գո՛րծ:

Հանուն Հանրապետության Կուսակցության Քաղաքական Խորհուրդ

Երեւան

23.08.2021

194