Պետական եկամուտների կոմիտեի hետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից օրերս բացահայտվել է տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։

 

Այս մասին հայտնում են ՊԵԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Oպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով բեռնատար ավտոմեքենայով կազմակերպվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչային յուղ։

 

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում՝ Ա.Պ.-ի կողմից վարվող «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան  մուտք է գործել ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, որտեղ համապատասխան ձևակերպումներ ստանալու նպատակով վարորդի կողմից ներկայացվել է  կեղծ հաշիվ ապրանքագիր:

 

Ըստ կեղծ ապրանքագրի  Ռուսաստանի Դաշնությունում  գնված և ՀՀ տեղափոխվող ապրանքը իբրև թե հանդիսանում է արևածաղկի հիդրոֆուզ։ Օպերատիվ աշխատակիցները հետազոտման են ենթարկել  ավտոմեքենան  և դրանում առկա բեռը,  արդյունքում հայտնաբերվել են ցորենի թեփի պարկերի տակ թաքցված ավելի քան 6 հազ. լիտր քաշով «SINTEC», «GAZPROMNEFT», «ROSNEFT» և «ROLF» տեսակի շարժիչային յուղեր։

 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ «ԴԱՖ» մակնիշի  ավտոմեքենան ենթարկվել է խուզարկության։ Բեռնատարն  ու ապրանքներն առգրավված են։

 

Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

07 Սեպտեմբեր, 2020 17:42
121
; ;