Վերջին 6 տարիների ընթացքում Թուրքիայում 127 նոր բանտեր են գործարկվել։ Իսկ վերջին 16 տարվա ընթացքում բացված նոր բանտերի թիվը կազմում է 228, հայտնում է ermenihaber-ը։

Բայց Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում կանգ առնել։ Թեև բանտերում անազատության մեջ գտնվող քաղաքացիների թվով Թուրքիան  Եվրոպայում արդեն իսկ բացարձակ առաջատար է, երկրում նոր բանտային համալիրների կառուցման աշխատանքներ են տարվում։

Այսպես, Այդըն նահանգի Չինե շրջանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նպատակով շինարարական ընկերությունների համար մրցույթ էր իրականացվել դեռևս 2020 թվականի դեկտեմբերին։ 2021 թվականի օգոստոսին հրապարակված մրցույթի արդյունքների համաձայն՝ կնքված շինարարական նախագծի արժեքը կազմում է 296․6 մլն լիրա (շուրջ 35.7 մլն դոլար)։ Շինարարությունը մեկնարկել է օգոստոսի 20-ին և կտևի 850 օր և կավարտվի 2023 թվականի դեկտեմբերի 24-ին։

Հայտնի է նաև, որ օրեր առաջ 541․1 մլն լիրա (65.2 մլն դոլար) արժողությամբ մեկ այլ պայմանագիր էր կնքվել Քոնիայում քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով։

Բացի այդ՝ 2021 թվականին պայմանագրեր են կնքվել նաև Անթալիայի Աքսեքի շրջանում և Գիրեսուն, Սիիրթ, Թունջելի, Քյութահիա, Ադըյաման նահանգներում նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման համար։

Ներկայումս Թուրքիայի բնակչության յուրաքանչյուր 100․000-ից 357-ը գտնվում է բանտերում։ Ներկայումս Թուրքիայի բանտերը կարող են տեղավորել 251․088 մարդու, բայց 2021 թվականի հուլիսի դրությամբ բանտերում գտնվողների թիվը կազմել է 287․716։ Ընդ որում, բանտարկյալներից 274․816-ը տղամարդիկ են, 11․720ը՝ կանայք, 1․630-ը՝ երեխաներ։

205