ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 25-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2020 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը պատահական հանդիպել է համագյուղացուն և վերջինիս ընկերոջը: Անձնական հարցերի շուրջ զրուցելու նպատակով նրանք համագյուղացու մեքենայով միասին գնացել են Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի սկզբնամասում գտնվող դեպի դաշտեր տանող հատված:

Ավտոմեքենայի մեջ տեղի ունեցած զրույցի ընթացքում համագյուղացիները միմյանց չեն հասկացել և, հասնելով հիշյալ վայր, վերջիններիս միջև վիճաբանություն է ծագել, որի ժամանակ 25-ամյա երիտասարդն իր մոտ պահած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է համագյուղացուն՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

1614