Երեւանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար ենթադրյալ կաշառք վերցնելու և այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված նյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 02.09.2021 թ. հրապարակվել է «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երեւանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված:

Նկատի ունենալով, որ հրապարակված նյութն իր բովանդակությամբ հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ հիշյալ նյութը եւ առկա ձայնագրություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար»,- գրել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ օրերս «Փաստերի ստուգման հարթակ» է դիմել Երևանի 122 դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանը և հայտնել, որ նույն դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը իրենից կաշառք է վերցրել աշխատանքի ընդունելու համար, այժմ էլ պահանջում է աշխատավարձի մի մասը: Ուսուցչուհին ներկայացրել է ձայնագրություններ, որոնց բովանդակությունից ակնհայտ դարձավ նրա պատմածի իսկությունը:

 

1260