Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Շըքը մեջլիսի օրակարգ է բերել Վանի հայկական գերեզմանատան պղծման և հայկական եկեղեցու՝ «մշակութային կենտրոնի» վերածելու նախաձեռնության հարցերը, գրում է Ermenihaber-ը։

Ըստ հրապարակումների, Վանի Տուշպա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի աշխատանքի արդյուքնում ավերվել է, մարդկային ոսկորները հողի երես են դուրս եկել։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանից Վան տեղափոխված և այնտեղ հաստատված Գայանե Գևորգյանը հավաքել ու կրկին թաղել էր գերեզմաններից դուրս թափված ոսկորները։

Մալաթիայում էլ 106-ամյա դադարից հետո վերականգնվել և օրեր առաջ վերաբացվել էր պատմական հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ եկեղեցին կվերածվի արվեստի ու մշակույթի կենտրոնի, բայց նաև բաց կլինի քրիստոնյաների առաջ՝ որպես ուխտատեղի։ Սակայն բացման արարողության ժամանակ օգտագործված ցուցապաստառների վրա եղել է միայն «Թաշխորան մշակույթի և արվեստի կենտրոն» գրությունը։ Կառույցի՝ եկեղեցի լինելու մասին չի նշվել:

Այս թեմայով պատգամավոր Ահմեթ Շըքը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հարց է ուղղել, թե արդյոք նախարարին չի մտահոգում այն փաստը, որ այս և նմանատիպ գործողություններով ավերվում են Անատոլիայում ապրող ազգերին պատկանող մշակութային արժեքները և դրանով վնաս է հասցվում «ազգերի եղբայրությանը» Թուրքիայում:

828