Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուներին ամիսը 2 անգամ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխան կամ լինեն պատվաստված: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ընդունված որոշումը վերաբերում է միայն քաղաքացիներին, այլ ոչ թե պաշտոնյաներին, այսինքն՝ եթե քաղաքացին պատվաստված կամ բացասական թեստի առկայությամբ չներկայանա աշխատանքի, ապա կազատվի աշխատանքից, իսկ պաշտոնյան՝ ոչ, նախարարը նշեց. «Հանրային ծառայության օրենքները չեն կարող վերաբերել պաշտոնյաներին, բայց դա չի նշանակում, որ նրանք դուրս են մնում կարգավորման շրջանակից: Օրենքի մասնավոր հատվածը նույնպես ունի իր կարգավորումների շրջանակը, որը որևէ խտրականության դեպք բացառում է: Այս պահին կարող եմ ասել, որ 100 տոկոս պատվաստման ցուցանիշ ունենք, և վարչապետը, փոխնախարարները պատվաստվել են քովիդի դեմ, երբ որ մեզ մոտ նոր էր սկսվում պատվաստման գործընթացը»:

Նախարարի խոսքով՝ ամեն ինչ արվում է ՀՀ օրենքների շրջանակներում և Սահմանադրության համաձայն. «Հայաստանում գործում է բնակչության սանիտարական պաշտպանության օրենքը, ինչին հղում կատարելով՝ ընդունվել են ենթաօրենսդրական կետեր, և դրանք բխում են օրենքներից, այսինքն՝ այն նորմը, որը սահմանաված է և ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին, գործում է: Մարդու իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքի խախտման դեպքում»,- հավելեց նա:

2959