Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես հաստատել է 2021 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանումը:

Գնահատումն իրականացրել է Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն: Այն բարձր է գնահատել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու ծրագրում ունեցած առաջընթացը, ինչպես նաև աշխատանքային միգրանտների համար ՄԻԱՎ–ի ծառայությունների հասանելիության բարձրացման նպատակով մեր երկրում իրականացված միջոցառումները:

Համատեքստում նաև բարձր է գնահատվել մարդու իրավունքների վրա ներազդող, մասնավորապես` ՄԻԱՎ-ի փոխանցումը քրեականացնող օրենքների վերանայմանն ուղղված շարունակական ջանքերը, արդյունքում` ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման պատշաճ ծառայություններ ստանալու ճանապարհին խոչընդոտների հաղթահարմանը:

Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանման վերաբերյալ հաջորդ որոշումը կընդունվի 2023-ին:

Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն 2016 թվականին վավերացրել է Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը, որն այնուհետև վերահաստատվեց 2018-ին:

2020 թ. հունիսին առողջապահության նախարարության կողմից ներկայացված հերթական հաշվետվության և դրան հետևած լրացուցիչ պարզաբանումների հիման վրա` Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն 2021 թ. ապրիլի 28-ին տվել է կարգավիճակի պահպանման վերաբերյալ դրական եզրակացություն:

630