Aravot.am-ը գրում է․

«Ես հավատում եմ կրոնների ուժին, համոզված եմ, որ եկեղեցին կարող է մեծ դեր խաղալ խաղաղության հասնելու գործին»,- այսօր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպված՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովում իր ելույթում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Արման Թաթոյանն իր ելույթում կարեւորեց ազգային եկեղեցու դերը՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում: ՄԻՊ-ի ելույթի մի հատվածն էլ վերաբերվում էր էթնիկ եւ կրոնական անհանդուրժողականությանը: Այդ համատեքստում՝ նա խոսեց 2020 թվականին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմից:

Հիմքում ունենալով ՄԻՊ-ի փաստահավաք առաքելության արդյունքները, Արման Թաթոյանը հայտարարեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի անհանդուրժողական պահվածքի հիմքում էթնիկ եւ կրոնական անհանդուրժողականությունն էր: Ըստ ՄԻՊ-ի, հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում պետական մակարդակով արմենաֆոբիան նաեւ կրոնական ինքնությունն է թիրախավորում:

Համաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Եկեղեցիների միջազգային խորհրդից, ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհրդից, Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի նախագահությունից, Մոսկվայի, Ալեքսանդրիայի պատրիարքարանների ներկայացուցիչները, Լոնդոնի, Սիրիայի, Հունաստանի, ուղղափառ թեմի պատվիրակությունը, Անգլիայի եկեղեցու ներկայացուցիչը, Հայաստանում ասորական եկեղեցու առաջնորդը, հնչեց Ռումինիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդի ուղերձը: Նրանք իրենց ողջույնի խոսքում աջակցություն հայտնեցին հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն, դատապարտեցին մշակութային ժառանգության ոչնչացման քայլերը:

Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչը, որը ընթերցեց Պապ-ի ուղերձը, տեղեկացրեց, որ Ֆրանցիսկոս Պապը որոշել է Երեւանում եկեղեցի բացել՝ ի հավաստումն իր սատարումի եւ աջակցության խոսքերի:
 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

943