ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մասնակցել է սեպտեմբերի 7-9-ը Լեհաստանի Կարպաչ քաղաքում տեղի ունեցած միջազգային տնտեսական 30-րդ հոբելյանական ֆորումին (փոքր Դավոս):

Պարոն Ավետիսյանը ֆորումում հանդես է եկել «Սննդի համակարգերի վերակազմակերպում. ինչպես դադարեցնել սովը և պաշտպանել շրջակա միջավայրը» զեկույցով՝ խոսելով Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հեռանկարների մասին, դիտարկելով այն որպես աղքատության դեմ պայքարի ազդեցիկ միջոց և բնապահպանական կարևորագույն գործոն:

ՍԱՏՄ ղեկավարը առանձին հանդիպումներ է ունեցել Լեհաստանի կառավարող՝ «Օրենք և արդարություն», կուսակցության անդամների, այդ թվում՝ գյուղատնտեսության նախկին նախարար, իսկ այժմ խորհրդարանի՝ Սեյմի, պատգամավոր, գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Յան Կշիշտոֆ Արդանովսկու, ինչպես նաև Եվրամիության գյուղատնտեսական հարցերով կոմիսար Յանուշ Վոյցեխովսկու հետ:

Յան Կշիշտոֆ Արդանովսկիի հետ Գեորգի Ավետիսյանը քննարկել է Լեհաստանի Հանրապետություն հայկական սննդամթերք և ոգելից խմիչքներ արտահանելու հնարավորությունները, իսկ Յանուշ Վոյցեխովսկու հետ՝ Եվրամիության երկրներ հայկական գյուղատնտեսական ապրանքատեսակների արտահանման հեռանկարներն ու այդ ուղղությամբ համագործակցության հնարավոր ուղիները:

107