Սեպտեմբերի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը»  ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադեւոսյանը, Տաթեւ Հովակիմյանը, Արեւիկ Գեւորգյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժան Նշանյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Դավիդ Հակոբյանը եւ ուրիշները: Կոմիտասին մարմնավորել է Սամվել Թադեւոսյանը: 

Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» պատմական դրաման, ստեղծվել է օսկարակիր պրոդյուսեր եւ «Կանաչ գիրքը» ֆիլմի համահեղինակ Նիկ Վալելոնգի ու Ասկո Հակոբյանի հետ։

Նշանյանի խոսքով, նա կենտրոնացել է այն բանի վրա, թե ինչպես է հանճարը ապրել։ Ֆիլմում ընդգրկված չեն Կոմիտասի կյանքի վերջին տարիները, քանի որ Նշանյանի կարծիքով Կոմիտասը չի խելագարվել, այլ խռովել է աշխարհից եւ համեստաբար լռել։ Սակայն Արման Նշանյանի նշեց, որ ֆիլմը ամենեւին Կոմիտասի մասին չէ։

«Ֆիլմը Կոմիտասի մասին չէ, այն Համիդյան ջարդերի մասին է, այդ դարաշրջանի մասին է, մեր պատմության մասին է, որը աշխարհը պետք է իմանա եւ ճանաչի Կոմիտասի եւ իր երաժշտության շնչով։

Կոմիտասը երաժշտության Մեսրոպ Մաշտոցն է, որովհետեւ նա գնացել է գյուղերից գյուղեր եւ գրի առնելով պահպանել է մեր երաժշտությունը», - ասաց Նշանյանը։ 

Հիշեցնենք, որ «Սողոմոնի երգերը» ֆիլմի ստեղծմանը եւ Հայոց ցեղասպանության թեմայի տարածմանն աջակցելու համար ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նիք Վալլելոնգան պարգեւատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:

1875