Ազգային անվտանգության ծառայությունը մշակել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների մասին նախագիծ։

Ըստ նախագծի՝ առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին:

Նախագծի հիմնավորման բաժնում նշվում է, որ փաթեթը մշակվել է վարչապետի աշխատակազմի կողմից:

Օրենքի նախագծի 5-րդ հոդվածում նշվում է, որ օրենքի 10-րդ հոդվածի՝


1) 1-ին մասը «ծառայությունն է» բառերից հետո լրացնել «, որը վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին է» բառերով։

«Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ:

Այդուհանդերձ, պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ինչը դրսևորվում է վերջինիս գործառույթների առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, որոնց իրացման գործընթացում թեև Ազգային անվտանգության ծառայության աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն «պայմանավորված» չէ Ազգային անվտանգության ծառայության մասնակցությամբ և հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաև պետական մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում:

Ավելին, պետական պահպանության ծառայության որոշակի ինքնուրույնության արտացոլումն է նաև վարչապետի անմիջական մասնակցությունը նրա ղեկավար կազմի ձևավորման հարցում (ծառայության ղեկավարը նշանակվում և ազատվում է Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ)»,- ասված է հիմնավորման մեջ:

175