Հայկական ամենահայտնի եւ սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմը, որն արտադրվել է 1976 թվականին Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ կինոստուդիայում ՝ 45 տարի անց վերադառնում է։
Araratnews.am -ը խոսեց մուլտֆիլմի գլխավոր պրոդյուսեր Հայկ Օրդյանի հետ եւ փորձեց պարզել նոր մանրամասներ մուլտֆիլմի վերադարձի մասին։
«Ծերուկը վերադառնալու է մեր աշխարհ, որտեղ հանդիպելու է շատ ապշեցուցիչ բաների։ Երբ մենք մեր աշխարհում ենք, ամեն ինչ չէ, որ կարողանում ենք նկատել, սակայն Ծերուկը իր աշխարհից գալով մեր աշխարհ, հավատացեք, իր համար շատ զարմանալի բաներ է նկատելու», - ասաց «Գտնված երազ» -ի գլխավոր պրոդյուսերը։
Օրդյանը շատ չբացեց փակագծերը։ Նրա խոսքով մուլտֆիլմի վերադարձում ծերուկն ու պապիկը կծանոթանան միմյանց հետ, կլինեն նաեւ նոր հերոսներ։
«Մուլտֆիլմի տեւողությունը նախատեսվում է լինի 7 րոպե։ Աղջնակը կլինի նույն փոքրիկ աղջիկը` իրեն բնորոշ քայլվածքով եւ հայացքով ՝ մենք որոշեցինք փոփոխության չենթարկել ոչ մի հերոսի», - նշեց Օրդյանը։
Հիշեցնենք, որ նախորդ «Գտնված երազ» -ում Ծերուկին հնչյունավորում էր Մհեր Մկրտչյանը (Ֆրունզիկը), մենք հետաքրքրվեցինք` ինչպիսի լուծում են գտել հիմա։
«Հավատացեք, Մհեր Մկրտչյանի ձայնը հնչելու է մուլտֆիլմում։ Իհարկե ուրիշ մարդ է ձայնագրվելու, բայց ծերուկի ձայնը չի փոխվի», - վստահեցրեց պրոդյուսերը։
Մուլտֆիլմի հիմնական նպատակը բարի եւ լուսավոր մթնոլորտն է, որը պետք է ուղեկցի երեխաներին անիմացիոն ֆիլմը դիտելուց հետո։
«Այն ագրեսիան, որն այսօր տիրում է մեր աշխարհում` ազդում է նաեւ փոքրիկների վրա։ Այսօր շատ են ագրեսիվ հայացքով մուլտհերոսները, ընդ որում ագրեսիվ հայացքով են նաեւ բարի պերսոնաժները։ Մենք ուզում ենք ներկայացնել բարի, ջերմ մուլտֆիլմ, որպեսզի դա երեխաներին ավելի գրավի եւ նրանք ավելի շատ սիրեն «Գտնված երազ» -ը», - եզրափակեց Հայկ Օրդյանը։
Նշենք, որ այս անգամ եւս մուլտֆիլմը կլինի Դիլաքյան եղբայրների հեղինակային աշխատանքը, ինչպես եւ մուլտֆիլմի առաջին մասը: Նրանք են «Գտնված երազ» -ի հեղինակն ու ռեժիսորը: Հայկ Օրդյանի խոսքով, Դիլաքյան եղբայրներին տրվել է ստեղծագործական լիարժեք ազատություն:
Սիրված մուլտֆիլմի շարունակությունը հավանաբար կներկայացվի արդեն մյուս տարի, սակայն գլխավոր պրոդյուսերի խոսքով` վաղ է խոսել ժամկետների մասին, մուլտֆիլմի վրա աշխատանքները դեռ նոր են սկսվելու։
Մարիամ Գեւորգյան