Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Երևան քաղաքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։ Փաստական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մեթամֆետամին է թաքցնում՝ տելեգրամի միջոցով վաճառելու համար։
Նա հայտնաբերվել է, բերման է ենթարկվել ու խուզարկվել։ Նրա մոտ մեթամֆետամին կար։ Այնուհետև հայտնաբերվել է12 փաթեթ՝ լցված մեթամֆետամինով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են, որոնց արդյունքում հայտնի է դարձել, թե ումից է 37-ամյա տղամարդը ձեռք բերել մեթամֆետամինը։
Խոսքը մայրաքաղաքում բնակվող 23-ամյա մի աղջկա մասին է, որը Երևանի Ռուբինյանց փողոցում հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել։ Նրա անձնական խուզարկությամբ ևս մեթամֆետամին է հայտնաբերվել։ Աղջիկը կալանավորված է։
Ոստիկանությունը նշում է, որ անհրաժեշտ էր պարզել, թե 23-ամյա աղջիկն իր հերթին ումից էր ձեռք բերում, ապա իրացնում թմրամիջոցը։ Ոստիկանության ծառայողների միջոցառումներն այս դեպքում ևս արդյունք են տվել։ Պարզվել է աղջկան թմրամիջոց իրացնողի ինքնությունը։
Սեպտեմբերի 8-ին 37-ամյա տղամարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում ու բերման ենթարկվել։ Նրա խուզարկությամբ ևս մեթամֆետամին է հայտնաբերվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ԹԱՇԴՊՎ, ԵՔՎ և Կենտրոնական բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկել են նրա բնակարանը ու հայտնաբերել 37 գրամից ավելի մեթամֆետամին, 26 գրամից ավելի մարիխուանա, 6 գրամից ավելի չորացված հալյուցինոգեն սնկեր, 2 գրամից ավելի ափիոն, էքստազիի հաբեր և այլն։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։