Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստին մասնակցել է հեռավար կարգով:

Օրակարգում ընդգրկված հարցերը ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են նեղ կազմով նիստում, այնուհետև ընդլայնված կազմով նիստում ներկայացրել են ՀԱՊԿ առաջնահերթություններն ու ստորագրել ընդունված փաստաթղթերը: ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը, ՀԱՊԿ հետագա զարգացմանը, Աֆղանստանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին` ավանդական ջերմ ընդունելության և Տաջիկստանի կողմից ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում կատարված աշխատանքի համար:

Այսօրվա նիստի արդյունքներում ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Որոշում է կայացվել ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում` 2022 թվականի չորրորդ եռամսյակում: Որոշում է կայացվել նաև առաջիկայում Տաջիկստանում անցկացնել ՀԱՊԿ լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրվված կլինեն ՀԱՊԿ անդամ-պետությունների Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ:

1152