ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կշարունակի մնալ կալանավորված։  Դատարանն անփոփոխ է թողել Գևորգ Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և մերժել պաշտպանի  միջնորդությունը Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Araratnews.am-ին ասաց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։

Նա տեղեկացրեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարան: 

Ինչ անուններ է տալու նախկին պաշտոնյան, երբ սկսվեն դատական նիստերը: Լեւոն Սահակյանը պարզաբանեց, որ Գեւորգ Լոռեցյանը ցանկացել է ցուցմունք տալ նախաքննության ընթացքում, սակայն քննիչը ցուցմունքը չի վերցրել: Ուստի, նա ցուցմունք կտա դատաքննության ընթացքում: «Ինչ վերաբերում է անուններ հնչեցնելուն, ցուցմունքներում գուցե անուններ լինեն, սակայն նրա ցուցմունքները մեղադրանքին ուղղված են ինելու»,- մանրամասնեց փաստաբանը:

Հիշեցնենք՝ փոխնախարարը կալանավորվել է 2019թ դեկտեմբեր ամսին : ԱԱԾ-ն հայտարարեց, որ 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Դեկտեմբերի 7-ին  փոխնախարարը կալանավորվել է։
Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսավարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ:

Սոնա Դավթյան

722