Այսօր՝ սեպտեմբերի 17-ին,  կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  18:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանից դեպի Քանաքեռավան տանող Կորեայի ձորի ոլորանապտույտ հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը:

Shamshyan.com-ի տեղեկություններով,  օպերատիվորեն  ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական  ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի  1-03 շտաօօգնության բժիշկների հերթպահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Nissan Versa-ով  մոտ 150 մետր ձորը գլորված մեքենայի վարորդ ներկայացած, 30-ամյա Գրիգոր Սարգսյանին: Վերջինս բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Հրշեջ-փրկարարները, մեծ դժվարությամբ իջնելով ավտոմեքենայի մոտ, փակել են գազաբալոնի փականն ու հոսանքազրկել այն: Օպերատիվ են գործել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2 –րդ վաշտի ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Ռազմիկ Ղարիբյանը:

Վերջիններս տեղում նաև ուժեղացված ծառայություն են իրականացրել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա: Փաստի առթիվ պարեկ Ռ. Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

150