Sputnik Armenia -ն հայտնում է, որ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս մայրուղուց շեղված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախի բնակիչները 21 տարեկան տղաներ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը։
ԱԱԾ–ն այսօր հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչներ շեղվել են ուղուց և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվել։
«Երբ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք են մտել, տղաներից մեկն իր ընտանիքի անդամներից մեկի հետ խոսելիս է եղել։ Հեռախոսով խոսողն ասել է, «սրանք մեզ կանգնեցրին», և կապն ընդհատվել է: Դրանից հետո նրանցից որևէ լուր չունենք»,–ասաց Մկրտչյանը։
Նա հայտնեց, որ տղաներն ընկերներ են` միասին էլ ծառայել են և վերջերս են զորացրվել։ Մկրտչյանի խոսքով` շատ խելոք, լավ երիտասարդներ են և, կարծես, գնացել էին Սյունիք` համածառայակից ընկերներին տեսակցելու։
Համայնքի ղեկավարը հայտնեց` տղաներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տանում։
ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: