ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն է: «Հայաստան» խմբակցությունը 4-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Ընդդիմության ներկայացուցիչներն առաջարկեցին օրակարգում ներառել նաև այլ հարցեր:

«Օրակարգային մասում պետք է փոփոխություն լինի, հակառակ դեպքում այս անվերջ թվացող քննարկումները ոչ մի տեղ չտանող են և որևէ ձևով չեն տեղավորվում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ առավել ևս հասարակության հետաքրքրության շրջանակում»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:

«Պրեբլեմը միայն իշխանության քվեարկության մեջ չէ, նաև ընդդիմությունը կարող էր այս խնդրի լուծման քայլն անել, և անընդհատ ոչ թե նույն թեկնածուին առաջադրեր, այլ կարող էր թեկնածուի փոփոխության խնդիր քննարկվել ձեզ մոտ, և ներկայացնեիք, բայց ձեր իրավունքն է: Մենք ունենք ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջ. եթե տեղակալի ընտրությունը մեզ չի հաջողվում, 5 օրվա ընթացքում պարտավոր ենք այդ խնդրին կրկին անդրադառնալ»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նիստի մեկնարկից մի քանի րոպե անց հանձնաժողովի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը լքեց նիստերի դահլիճը:

«Արդեն 4-րդ անգամ է՝ այս օրակարգը բերվում է հանձնաժողով, և դա իշխանության պարտավորության տիրույթում է գտնվում: Իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը փոխել իր որոշումը: Ձեր որոշումը կայացրեք, հարցերը հնչել են, պատասխանները տրվել են, որևէ նոր բան ասելու չունեմ»,- ասաց Ղազինյանը:

Ղազինյանի օրինակին հետևեցին «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը և «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանն էլ նշեց, որ քաղաքական բոյկոտ է հայտարարում:

«Քանի կբերվի պարոն Ղազինյանի թեկնածությունը, ես չեմ մասնակցի քվեարկությանը»,- ասաց Պողոսյանը: 

Այս անգամ ևս իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին:

Արթուր Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1lurer.am

690