Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց   Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով   զոհերի ընտանիքներին եւ առողջություն մաղթելով վիրավորներին:

Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորեց հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը:

ՌԴ դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության  եւ ցավակցական խոսքի համար: Նա բարձր գնահատեց  տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները: Սերգեյ Կոպիրկինը  խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում   համարեց տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտեց բազմաբեւեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարեւորությունը:

Կողմերը քննարկեցին նաեւ առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր: 

172