2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո` 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով, մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստացել շուրջ 7000 ուսանող: Այս մասին ասված է ՀՀ ԿԳՄՍՆ պարզաբանման մեջ:

Նրանցից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակից ուսանողներ են, մնացածը՝ պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին: Ծրագիրը շարունակական է, և ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց՝ սկսվել է այն ուսանողների տվյալների հավաքագրումը, որոնք մարտական գործողությունների մասնակից են, զորացրվել են ամռանը և այժմ պետք է վերականգնեն իրենց ուսանողական իրավունքները:

ԿԳՄՍ նախարարությունում հավաքագրված նախնական տվյալների համաձայն` մարտական գործողությունների մասնակից մոտ 1200 ուսանողներ, որոնք ժամանակին հրամանագրվել և բուհի հետ պայմանագիր են կնքել, սեպտեմբերից վերականգնել են ուսանողական իրավունքները և կարող են դառնալ ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շահառու` մարտական գործողությունների մասնակցությունը հավաստող փաստաթղթերը ներկայացնելով համապատասխան բուհ:

Նրանք էլ, որոնք բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել են բուհ կամ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, սակայն չեն հրամանագրվել (կցագրված ուսանողներ), ծրագրի շահառու դառնալու համար նախ պետք է հրամանագրվեն համապատասխան բուհի կամ ՄԿՈՒ հաստատության կողմից: ԿԳՄՍ նախարարության հավաքագրած նախնական տվյալներով՝ կցագրված, այսինքն՝ մինչև բանակ զորակոչվելն ընդունված, սակայն չհրամանագրված առաջին կուրսեցիների թիվը շուրջ 150 է: ԿԳՄՍ նախարարությունը վերջին օրերին ստանում է բազմաթիվ զանգեր, որ բուհերը հրամանագրելու համար առաջին կուրսերի բոլոր ուսանողներից, այդ թվում՝ նաև մարտական գործողությունների մասնակիցներից պահանջում են վճարել ուսման վարձը:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը, պարզաբանելով խնդիրը, նշում է, որ հրամանագրվելու և ուսանողի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ուսման վարձի որոշակի մասը վճարել:

«Բուհերը, հաշվի առնելով օրենքի պահանջը, բոլոր առաջին կուրսեցիներից կարող են ուսման վարձի վճարումներ պահանջել, ինչը և արվել է: Այն գումարը, որն այժմ նրանք կվճարեն, փոխհատուցման ծրագրի շահառու դառնալուց հետո կդիտվի որպես երկրորդ կիսամյակի վարձավճար»,- նշում է Լուսինե Գրիգորյանը: Ընդգծելով, որ վճարած գումարը հետագայում որպես հաջորդ կիսամյակի համար վճարված վարձ է դիտվելու, վարչության պետի տեղակալը վստահեցնում է, որ առաջին կուրսեցիները հրամանագրվելու համար կարող են վճարել մեկ ամսվա գումար (մեկ կիսամյակի վարձը բաժանած տվյալ կիսամյակի ամիսների վրա):

Կա նաև հետվերադարձի մեխանիզմ` այն դեպքում, երբ ուսանողը հետագայում չի շարունակի ուսումնառությունը կամ կստանա անվճար կրթության իրավունք որևէ այլ հիմքով: Լուսինե Գրիգորյանի խոսքով` պետությունը մարտական գործողությունների մասնակից ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու պարտավորություն է ստանձնել, որն իրականացվելու է լիովին: Ուսումնառության հետագա ընթացքում ևս մարտական գործողությունների մասնակիցների համար ուսման վարձի արտոնություններ են նախատեսված, ինչն ամրագրված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում 2021 թվականի ամռանը կատարված փոփոխությամբ:

Կախված առաջադիմությունից` ըստ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) միավորի, նրանք կարող են ստանալ 50-70 տոկոս զեղչ: ՄՈԳ-ի միավորների բարձրացմանը զուգահեռ՝ զեղչի տոկոսները կավելանան: Համապատասխան կարգն այժմ հաստատման փուլում է, ընդունվելուց հետո այն տարածվելու է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Միաժամանակ հաշվի առնելով, որ 2020 թվականին բանակ զորակոչվածները դեռ չեն զորացրվել, մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցման ծրագիրը կշարունակվի նաև 2022 թվականին:

160