Այսօր տեղեկություններ տարածվեցին, թե պաշտպանության նախարարի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին գնդապետի կոչում է շնորհվել։ Այս առնչությամբ Factor TV-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նախ ծիծաղեց, ապա նշեց. «Լուրը տարածողները մոտ 1 տարի ուշացել են։ Ես նախորդ տարի եմ գնդապետի կոչում ստացել, ուղղակի ոմանք երևի չգիտեին ու ինչ-որ տեղ տեսել են դա գրված ու նման լուր տարածել»։

Հարցին՝ առաջիկայում հնարավո՞ր է՝ որևէ պաշտոն զբաղեցնի, նման առաջարկ եղե՞լ է, Հովհաննիսյանը կարճ արձագանքեց. «Ո՛չ»։ Իսկ ինքը ցանկություն ունի՞ կրկին ռազմական ոլորտում լինելու՝ ասաց. «Միշտ պատրաստ եմ»։

Հավելենք, որ 2020 թվականի մարտից մինչև հուլիս Արծրուն Հովհաննիսյանը զբաղեցրել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի Մարշալ Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի, իսկ նույն թվականի հուլիս ամսից մինչև 2021 թվականի ապրիլը՝ ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարել է «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա մամուլի ասուլիսները, ներկայացրել Հայաստանի պաշտոնական տեսակետը։ Իսկ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնը նա զբաղեցնում էր 2012-2020 թվականներին։

factor.am
 

876