Սուր շնչառական վիրուսային հիվանդությունները, այդ թվում՝ սեզոնային գրիպը, ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլ նաև ընդհանուր հիվանդացության կազմում, որոնց հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան մահանում է 290 000-ից 650 000 մարդ:

 

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների գնահատման համաձայն՝ տարեկան արձանագրվում է միայն սեզոնային գրիպի 9-45 միլիոն հիվանդության, 140 000-810 000 հոսպիտալացման և 12 000-61 000 մահվան դեպք:

 

Հայաստանում յուրաքանչյուր տարվա 40-րդ շաբաթը կամ հոկտեմբերի սկիզբը համարվում է գրիպի սեզոնի սկիզբ: Ուստի շատ կարևոր է յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ գրիպի դեմ պատվաստումը, որը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է:

 

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են 2021-2022 թթ. սեզոնի համար նախատեսված սեզոնային գրիպի քառավալենտ Վաքսիգրիպ պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:

 

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Սակայն ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի (ռիսկի խմբերի պատվաստումներից հրաժարված անձանց հաշվին)։

 

Նշվում է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ, կամ ցանկացած ընդմիջումով:

 

195