ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ.

Բարև Ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ Ձեզ և իմ գործընկեր Յակուբ Կուլհանեկին՝ Չեխիայի արտաքին գործերի նախարարին, ով իր առաջին այցն է կատարում Երևան: Այս այցը պատեհ առիթ է՝ ուրվագծելու հայ-չեխական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու վերաբերյալ մեր հետագա քայլերը, ինչպես նաև վերագնահատելու այն ներուժը, որն առկա է քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում արդյունավետ համագործակցության համար:

Հայ-չեխական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և երկուստեք առկա հետաքրքրությունների վրա: Մեծապես կարևորում ենք Չեխիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը` հիմնված ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների վրա:

Նախարար Կուլհանեկի հետ անդրադարձ ենք կատարել երկկողմ և բազմակողմ համագործակցության մեր օրակարգին: Չեխիայի հետ ունենք քաղաքական երկխոսության և ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների արդյունավետ ձևաչափ: Գործում է նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որն իր 5-րդ նիստը առաջիկայում կունենա այստեղ՝ Երևանում:

Նախարարի հետ փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել՝ լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը: Համագործակցության լայն հնարավորություններ ենք տեսնում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում։

Կցանկանայի առանձնահատուկ կարևորել այն փաստը, որ նախարարի առաջին այցին զուգահեռ այժմ գործարար համաժողովի մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում գործարար պատվիրակություն Չեխիայից, որը նաև համապատասխան ոլորտային հանդիպումներ և քննարկումներ կունենա: Լիահույս եմ, որ համաժողովը, որի բացմանը մենք այսօր մասնակցեցինք, կտա սպասված արդյունքներ, և ստեղծված կապերը կլինեն ամուր, կայուն և խոստումնալից:

Գործընկերոջս հետ մտքեր ենք փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի, Արևելյան գործընկերության շրջանակներում ներառական փոխգործակցության և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցերի շուրջ: Նշեմ, որ Արևելյան գործընկերությունը կարևոր հարթակ է ընդհանուր արժեքներ կիսող երկրների համար, և մենք պատրաստ ենք ջանքեր գործադրելու այդ ձևաչափի զարգացման և ամրապնդման ուղղությամբ:

Անդրադարձել ենք նաև զանազան միջազգային հարթակներում մեր համագործակցությանը։ Կարևորում ենք նաև խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը՝ երկու երկրների միջև երկխոսության ընդլայնման համար։

Մեր զրույցի ընթացքում կենտրոնացել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու վերջինիս առնչվող հարցերի վրա: Պետք է նշեմ, որ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ դիրքորոշմանը․ այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների շարունակությանը և հակամարտության երկարատև, կայուն լուծում փնտրելուն:

Այս առումով կցանկանայի կարևորել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումներս, որոնք, ըստ էության, գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ հակամարտության խաղաղ կարգավորումը՝ քաղաքական կարգավորումը, մնում է օրակարգում։ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումներին վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և լուծման սպասող բազմաթիվ հումանիտար հարցերի, մանրամասն խոսել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց խնդրի մասին՝ կարևորել նրանց անհապաղ ազատ արձակումը:

Տեղեկացնեմ նաև, որ այսօր նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ Այս առումով՝ հայ ժողովուրդը բարձր է գնահատում Չեխիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերի ընդունումը, որը, մեր համոզմամբ, արտահայտում է Չեխիայի հավատարմությունը մարդու իրավունքներին և մարդասիրության սկզբունքներին։

Այսքանով կեզրափակեմ խոսքս և սիրով կփոխանցեմ պարոն Կուլհանեկին: Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայաստան, սիրելի՛ գործընկեր:

Շնորհակալություն։

265