«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»:
   Շառլ Ազնավուր

                                      

Երեք տարի առաջ այս օրը Շառլ Ազնավուրը հավերժության ճանապարհը բռնեց: Նրա վախճանն աշխարհի միլիոնավոր մարդկանց կողմից ընկալվեց որպես անձնական կորուստ: Տարբեր երկրներում տեղական համայնքների և նվիրյալ երկրպագուների կողմից կազմակերպվեցին հարգանքի տուրք մատուցող բազմաթիվ միջոցառումներ:

                                      

Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ,  դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Ազնավուրի

երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և համաշխարհային ճանաչում ունեն: 

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում: Շառլի հայր Միշա (Մամիկոն) Ազնավուրյանը և մայր Քնար Բաղդասարյանը քրոջ՝ Աիդայի հետ (որը ծնվել էր Հունաստանում՝ ցեղասպանությունից փախուստի ճանապարհին) ժամանակավորապես ապաստանել էին Ֆրանսիայում՝ սպասելով ԱՄՆ-ի իրենց անցագրերին: Այդ ժամանակ Ազնավուրյան ընտանիքը չէր էլ պատկերացնում, որ Փարիզում է հաստատվելու անորոշ ժամանակով, իսկ արդյունքում՝ նաև հիմնավորապես։

                                     

Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում: 

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով:

                                

Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ:

Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում:

1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում): 

                                         

1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Աշխարհահռչակ շանսոնյեն հեռացավ այս կյանքից դեպի հավերժություն՝ թողնելով հարուստ ու անկրկնելի ժառանգություն։

«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»,– Շառլ Ազնավուրին ասել է Շառլ դը Գոլը: Նա ճիշտ էր: 

 

1854