Հայաստանի մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրամարտիկների Եվրոպայի առաջնությունից հետո ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մենք ոչ միայն ուժեղ ծանրորդներ ունենք ազգային հավաքականում, այլ ոչ պակաս ուժեղ ռեզերվ, որը շուտով իր մասին խոսել կտա մեծահասակների մրցումներում։

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ավարտվել է մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումների վերջին օրը Հայաստանի հավաքականի մեդալների հավաքածուն թարմացրել են Արսեն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը, որոնք հռչակվել են Եվրոպայի չեմպիոն։ Ընդ որում, Վարազդատ Լալայանը Եվրոպայի երեք նոր ռեկորդ է սահմանել իր տարիքային խմբում՝ Մ23։

Ռովանիեմի մեկնելուց առաջ, երբ հրապարակվեց Հայաստանի Մ20 և Մ23 տարեկան ծանրորդների հավաքականների կազմը, պարզ էր, որ մեր ծանրորդներց շատերը կանգնելու են պատվո պատվանդանին։ Մինչև 20 տարեկան ծանրամարտիկների մրցումներում Հայաստանը ներկայացնելու էին յոթ ծանրորդներ, իսկ աղջիկների մրցումներին մեր երկիրը ներկայացնելու էին Միլենա Խաչատրյանը (76 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Մարգարիտա Առաքելյանը (87 կգ)։

Մինչև 23 տարեկանների հավաքականում ընդգրկված էին յոթ ծանրորդ և Արփինե Դալալյանը(+87կգ)։ Անկախ տարիքային խմբերից մեր ծանրորդները պարզապես փայլեցին Ֆինլանդիայում։ Իսկ «յուղոտ» վերջակետը դրեց գերծանր քաշային Վարազդատ Լալայանը, որը հաղթեց մրցումներում` սահմանելով Եվրոպայի երեք ռեկորդ (պոկում, հրում, երկամարտ):

Մեծահասակաների Եվրոպայի առաջնությունում երկամարտում բրոնզե մեդալի արժանացած Լալայանը մրցակցությունից դուրս էր և երկրորդ տեղը զբաղեցրած բեռլառուս Էդուարդ Զազյուլինին երկամարտում գերազանցեց 16 կիլոգրամով։

Այսպիսով, հայ ծանրամարտիկները երկու տարիքային խմբերում միասին երկամարտում վաստակեցին 9 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Իսկ մեդալների ընդհանուր թիվը հաշվի, առնելով նաև մեդալներն առանձին վարարություններում, հետևյալն է՝ 24 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Եվ ինչպես սա չանվանել բենեֆիս։

 

Աղբյուր՝ armeniasputnik.am

2145