Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին, հայտնում են ԱԽ գրասենյակից:

Հանդիպման սկզբում կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն։

Դեսպան Նիկո Սխերմերսը բարձր է գնահատել Հայաստանի համար այս դժվարին պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունությունը, ինչպես նաև ՀՀ Կառավարության ջանքերը՝ այս ինստիտուտների շարունակական զարգացման ուղղությամբ:

Այս համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ժողովրդավարական հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ջանքերը:

Երկուստեք կարևորվել է կոռուպցիայի դեմ ուղղված պայքարը: 

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ:    

402