
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմի երևանյան պրեմիերային, որը տեղի կունենա 2021 թ-ի հոկտեմբերի 15-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:
«ՕՐԴԵՐ ՖԻԼՄ փրոդաքշնը» ՀՀ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումները սկսել է 2020 թվականի հունվարին: Այն բացառիկ վավերագրություն է վարպետի կենսագրության ու մասնագիտական ուղու մասին: Հատկանշական է, որ Գուրգեն Մուշեղյանն անձամբ է մասնակցել ֆիլմի ստեղծմանը՝ ստեղծագործական քննարկումներին ու նկարահանումներին, տրամադրել անձնական բացառիկ արխիվային նյութ: Ֆիլմում հանգամանորեն ներկայացվում են նաև վարպետի չիրականացված և անավարտ նախագծերը: Նկարահանումները տեղի են ունեցել վարպետի հարազատ քաղաքներում՝ Գյումրիում, Երևանում, ինչպես նաև՝ Մոսկվայում: Սա Գուրգեն Մուշեղյանի մասին պատմող ու վարպետի մասնակցությամբ միակ ֆիլմն է:
Ցավոք՝ ճարտարապետը կյանքից հեռացավ ֆիլմի վերջին նկարահանումից 5 օր անց: Հետարտադրական փուլում տեղծագործական խումբը փորձել է անել առավելագույնը, որպեսզի այն համապատասխանի վարպետի տեսլականին:
Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (1981), ՀՃԱ ակադեմիկոս (1996), ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ արտասահմանյան անդամ (1999) Գուրգեն Մուշեղյանը հայկական խորհրդային մոդեռնիզմի ամենավառ անհատներից մեկն է: Համահեղինակել է մի շարք հայտնի շինություններ՝ ● Երևանի «Հրազդան» մարզադաշտը, 1971, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979 ● Գյումրու օդանավակայանը, 1982 ● Մարզահամերգային համալիրը, 1984, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1987 Գուրգեն Մուշեղյանը եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը: Նրա ղեկավարությամբ 1991-1995 թվականներին կազմվել են ՀՀ քաղաքների վճարովի հողօգտագործման, սեյսմիկ գոտիներում քաղաքաշինության համակարգերի կայունության ու հուսալիության նախագծեր, Երևանի 2006-2020 թվականների գլխավոր հատակագիծը (2001-2005)։
Պաշտոնական կայք՝ http://musheghyangurgen.am/
Լուսաբանման համար անհրաժեշտ է նախապես գրանցվել: Հեռ.՝ 093567424, Նարե Աղաբաբյան