Այն փորձագետների կանխատեսումները, որոնք հայտարարում էին, թե Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի Մոսկվա այցից եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո Թեհրանի եւ Բաքվի հարաբերություններում «լիցքաթափում» կլինի, եւ կողմերը հնարավորություն ու ռեսուրսներ կգտնեն ծագած խնդիրների խաղաղ կարգավորման համար՝ չեն իրականանում։

Դա հնարավոր կլիներ, եթե Բաքուն և Թեհրանը բանավեճեր վարեին միայն Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային-տնտեսական հաղորդակցությունների կամ տարածաշրջանում Թուրքիայի աճող ազդեցության շուրջ։ Բայց Թեհրանը նշաձողը շատ ավելի է բարձրացրել և ավելի լայն է մտածում։

Իրանը հայտարարում է, որ «Կովկասում քարտեզի աշխարհաքաղաքական փոփոխություն» չի հանդուրժի: Պարզ չէ, թե տարածաշրջանում կոնկրետ ինչ «աշխարհաքաղաքական փոփոխությունների» մասին է խոսքը: Նույնիսկ արեւմտյան Ադրբեջանից Նախիջեւան, այսպես կոչված, Զանգեզուրի կոմունիկացիոն միջանցքի բացման դեպքում որեւէ «փոփոխության» մասին խոսելու հիմք չկա։ Առավել ևս, որ ավելի վաղ Իրանը տարիներ շարունակ հայտարարել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին:

Թեհրանը հայտարարում է իր «լուրջ մտահոգության» մասին «այդ տարածաշրջանում ահաբեկիչների եւ սիոնիստների» ներկայության կապակցությամբ, նաեւ որ «Իսրայելը գտնվում է Իրանի հյուսիսարեւմտյան սահմանին՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի պարտությունից հետո» (նկատի ունի առաջին հերթին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը): Բաքուն կտրականապես հերքում է այդ «փաստը» և ապացույցներ է պահանջում։ Այդ մասին խոսել է, օրինակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նման իրավիճակը Թեհրանում սկսել է ընկալվել որպես «նոր պոտենցիալ սպառնալիք», թեեւ այն առաջացել է ոչ երեկ եւ ոչ էլ այսօր: Այդ գործընթացները վաղուց էին ընթանում, ինչին Իրանը նախկինում մեծ ուշադրություն չէր դարձնում։ Բայց ամեն ինչ սկսվեց փոխվել նախագահի փոփոխությամբ. Հասան Ռոհանիի տեղը, որն աչքի էր ընկնում բավականին հանդուրժող հայացքներով և փնտրում էր Արևմուտքի հետ մերձեցման ուղիներ, եկավ պահպանողական տրամադրված Իբրահիմ Ռաիսին։ Բոլոր հատկանիշներով նա մտադիր է ավելի կոշտ արտաքին քաղաքականություն վարել, և դա արդեն զգացել են Բաքվում։ Ինչպես կարծում է Միջազգային հարաբերությունների վերլուծության Բաքվի կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիեւը, ներկա բարդությունների հիմքում իրանա-ադրբեջանական հարաբերություններում «ընկած են հիմնարար հակասություններ, որոնք ջրի երես են դուրս եկել միայն Իրանում կառավարության փոփոխությունից հետո»: Նրա խոսքով՝ «Ադրբեջանի նկատմամբ Իրանի ներկայիս նկրտումները ոչ այլ ինչ են, քան առիթներ»:

Մեկ բան պարզ է, որ Թեհրանը Բաքվի հետ երկար խաղ է սկսում, ինչի մասին վկայում է  երկրների միջեւ տեղի ունեցող տեղեկատվական պատերազմը: Օրինակ՝ իրանական սոցցանցերը լուրեր են շրջանառում իրանական զորամիավորումների Հայաստան հնարավոր տեղափոխման մասին, ենթադրություններ են հնչում այն մասին, որ Հայաստանում իրանական զորքերը կարող են վահանի դեր խաղալ Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակների հայկական տարածք ներխուժելու դեմ: Իրանում նաեւ ենթադրում են, որ Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ֆահրիզադեն սպանվել է իսրայելցիների կողմից ադրբեջանական տեխնիկական միջոցների օգնությամբ, որոնք տեղակայված են ադրբեջանական Սիտալչայ ավիաբազայում: Եւ այլն, եւ այլն:

Խնդիրը նաև նրանում է, որ Բաքուն և Անկարան ակնհայտորեն ուշացրել են ղարաբաղյան պատերազմից հետո Երևանի հետ հարաբերությունների նորմալացումը։ Այժմ ակտիվացած իրանական գործոնը տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական հավասարություն է ստեղծում Հայաստանի մասնակցությամբ։ Հեռանկարում փորձագետները չեն բացառում, որ Թեհրանն ադրբեջանական ուղղությամբ կանցնի հիբրիդային դիմակայության փուլ, ինչը կաշկանդելու է Բաքվի դիվանագիտության մանևրայնությունը: Չնայած նրան, որ հազիվ թե երկու երկրները պատրաստ են բաց առճակատման, սակայն քանի որ բոլոր կողմերի միջեւ հիմնական հակասությունները  չեն վերացել, պետք է մեծ փոփոխություններ ակնկալել։

 

 

21238