
Այսօր հոկտեմբերի 17-ին Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են: Գյումրեցիները 8-րդ անգամ ընտրելու են ավագանի, որից հետո ընտրվելու է քաղաքապետ։ Գյումրիում ընտրության իրավունք ունի շուրջ 124,000 քաղաքացի։
Շիրակի մարզի Գյումրի համայնքում համամասնական ընտրություններ են (առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա համայնքի ղեկավար), որտեղ պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: