««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության Կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում: Հարցը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսին՝ Սինգապուրում: Նպատակը երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների եւ ֆիզիկական անձանց համար ազգային օրենսդրությունների համեմատությամբ ավելի նպաստավոր եւ կայուն հարկային միջավայր ձեւավորելն է:

Ըստ Արման Պողոսյանի՝ համաձայնագրի վավերացումը կարեւոր ներդրում կլինի ազգային տնտեսությունների ներդրումային գրավչության բարձրացման եւ տնտեսական ակտիվության ցուցանիշները բարելավելու գործում: Պասիվ եկամուտների մասով հարկման նախապատվության եւ առաջնահերթության իրավունքը վերապահված է վճարման  աղբյուր համարվող երկրին: Ձեռնարկատիրական շահույթի հարկումը, եթե վերագրվում է մշտական հաստատությանը, ապա հարկման իրավունքն առաջնահերթորեն ստանում է այն երկիրը, որտեղ ձեւավորվել է մշտական հաստատությունը: Եթե ձեռնարկատիրական գործունեությունը կարճատեւ է, ապա հյուրընկալող երկիրը հարկման իրավունք չի ստանում, դա վերապահվում է բացառապես ռեզիդենտ երկրին:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

147