ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների և միգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վիտո Ռոզարիո Պետրոչելիի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիերո Ֆասինոյի և հանձնաժողովի անդամների հետ։

Քննարկվել են Իտալիայի և Եվրոպական միության հետ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, հանձնաժողովների համագործակցության մի շարք հնարավորություններ Թվինինգ ծրագրի շրջանակներում, ինչպես նաև խորհրդարանական տարբեր հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերն ուրախությամբ արձանագրել են, որ COVID-19 համավարակի հաղթահարման համար ԵՄ-ն ու Հայաստանը ձեռք-ձեռքի տված են պայքարում, ինչը հնարավորություն է տալիս վերսկսել նախկին բնականոն աշխատանքը` էլ ավելի սերտացնելով միջխորհրդարանական համագործակցությունը։

Մտքերի փոխանակությունից հետո հարցուպատասխանի միջոցով պատգամավորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տնտեսական հարաբերությունների խթանմանը, իտալական կազմակերպությունների` Հայաստանում հաստատմանը:

611