Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց օրենքի նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, որոշ լրատվամիջոցներ, լրատվություն տարածող կազմակերպություններ վերցնում են տարատեսակ տեղեկատվություններ, հղում են անում չնույնականացված աղբյուրներին և, ըստ ԶԼՄ-ների մասին օրենքի, ազատվում են պատասխանատվությունից:

«Մենք առաջարկում ենք նոր հասկացություն ավելացնել ԶԼՄ-ների մասին օրենքում՝ «չնույնականացված աղբյուրներ» հասկացությունը, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրները տնօրինողին, ստեղծողին: Առաջարկում ենք նաև լրատվամիջոցների համար պատասխանատվություն սահմանել չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ ներքաղաքական կյանքում էլ չնույնականացված աղբյուրները շատ-շատ են օգտագործվում՝ հանրությանը կեղծ տեղեկատվություն մատուցելու, որոշ մարդկանց պախարակելու համար:

676