1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտված և արդեն իսկ ազատության մեջ գտնվող Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան: 

«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողում, խմել հայրենի ջուրը, շնչել օդը և զգալ ընտանեկան ջերմությունը»,-հայտնել է նա հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում՝ հավելելով,  որ հայերի ցուցաբերած աջակցությունը մշտապես քաջալերել է իրեն։

Համբիկ Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի խմբի անդամ է եղել:

1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած է եղել կարմիր լույսի տակ։

Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Դատարանը ցմահ ազատազրկման պատժամիջոցն է ընտրել՝ հանգելով այն եզրակացության, որ սպանության դրդապատճառն ազգային ատելությունն է, թեպետ ամբաստանյալը դատարանում հայտարարել է, որ վրեժ է լուծել Հայոց ցեղասպանության համար:

Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ամերիկյան դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը: Վաղաժամ ազատման մասին Սասունյանի պաշտպանների հայցերը մերժվել էին։

2019 թ. դեկտեմբերի 27-ին Կալիֆորնիայի դատարանը 37 տարի ազատազրկումից հետո բավարարել է Համբիկ Սասունյանի հայցը վաղաժամ ազատ արձակման մասին։ Սասունյանը վաղաժամ ազատ է արձակվել այս տարի միայն: 

701